
670 դիտում
Ինչի՞ եք դուք պատրաստ՝ հանուն ձեր մտերիմ ընկերոջ. «Մեկ in Մեկ» ֆիլմի հերոս Արամը, հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի օգնությամբ, պատրաստ եղավ, նույնիսկ, ծայրահեղ քայլի: Նա մեկին մեկ նմանվեց Արկադի Դումիկյանին ու սկսեց նրա անվան տակ հանդես գալ տարբեր միջոցառումների: Իսկ եթե հավելենք, որ նրա մտերիմ ընկերոջը մարմնավորում է Ռոբերտ Մարտիրոսյանը, ավելորդ կլինի նշել, թե որքան զվարճալի ու վտանգավոր պատմությունների մեջ են հայտնվում գլխավոր հերոսները, որոնց արկածները արդեն հասանելի են մեծ էկրաններին:
«Շարմ հոլդինգի» «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան կայացավ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, «Կինոմոսկվա»-ում: Կարմիր գորգի փոխարեն հյուրերին սպասվում էր իսկական հարսանեկան արարողություն. Գոհար Ավետիսյանը կինոթատրոնի պատշգամբից նետեց իր ծաղկեփունջը, սակայն հաջողակը, որին հասավ փունջը, ոչ թե պետք է պատրաստվի իր հարսանիքին, այլ «Շարմ հոլդինգի» նոր ֆիլմի նկարահանումներին, որտեղ կմարմնավորի հերոսներից մեկին:
Սա խորհրդանշական պահ էր, քանի որ այս ֆիլմով իր կինոդեբյուտը կատարեց նաև հայտնի դիմահարդարը: Գոհարն ավելի ուշ խոստովանեց՝ եթե լինեն լավ նախագծերից հրավերներ, կրկին կփորձի իրեն դերասանուհու դերում:
Չնայած ֆիլմի շապիկին հարսնացուի կերպարով է, պրեմիերային Գոհարն ավանդական սպիտակ զգեստը փոխարինել էր մարմինն ընդգծող վարդագույն հանդերձանքով, որը, սակայն, ևս աչքի էր ընկնում երկար փեշով. «Քանի որ իմ առաջին պրեմիերան է, որտեղ ես եմ գլխավոր դերասանուհին, պատրաստվեցի, ինչպես «Օսկարի» համար: Մտածում էի հարսանեկան զգեստ հագնել, բայց որոշեցի, որ դա կհագնեմ իմ իսկական հարսանիքին»,-NEWS.am STYLE-ին, կեսկատակ-կեսլուրջ, ասաց դիմահարդարը:
Առանձին ծափերի է արժանի նաև Զիրոյանը, ով մեկին մեկ խաղաց Դումիկյանի կերպարը: Երգիչը, ի դեպ, ևս անձամբ մասնակցություն ունեցավ ֆիլմում:
Շատերին ոգևորել էր Ռոբերտ Մարտիրոսյանի մասնակցությունը՝ որպես դերասան: Սակայն նա նշում է, որ իրեն համոզելու կարիք չի եղել, հեշտությամբ համաձայնվել է առաջարկին:
Ֆիլմում կտեսնեք նաև մի շարք այլ հայտնի դերասանների՝ Մկրտիչ Արզումանյանին, Տոմա Պետրոսյանին, Անժելա Սարգսյանին, Մարինկա Խաչատրյանին, Արամ Կարախանյանին և այլ ճանաչված դեմքերի: Իսկ երգչուհի Սոնա Շահգելդյանը կրկին ծիծաղ կառաջացնի իր հումորային կերպարով. այս անգամ ֆիլմում կտեսնեք նաև նրա որդուն՝ Արթուրին, որը ևս ոգևորված էր իր առաջին դերի համար:
«Մեկ in Մեկ»-ի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Արման Միտոյանը:
Սյունե Առաքելյան